Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական,արաբական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Պահանջված է նաև Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, որտեղ փախլավան, ըստ ավանդույթի, մատուցում են Նովրուզ գարնանային տոնի ժամանակ։
Պատմաբան Նուրի Ջանլիի խոսքերով՝ քաղցրավենիքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 15-րդ դարին։ «Փախլավայի համար բարակ խմոր պատրաստելու ավանդույթը եկել է ասորիներից։ Սուլթան Մեհմեդ Երկրորդի ժամանակների խոհարարական գրքի համաձայն՝ առաջին փախլավան պատրաստվել է 1453 թվականի օգոստոսին արքայական պալատում։ Ասում են, որ սուլթանին այնքան է դուր եկել խոհարարի հայտնագործությունը, որ նա հրամայել է հավերժացնել նրա բաղադրատոմսը։ Այդ օրվանից փախլավա պատրաստում են ամեն տոնի ժամանակ»[1]։
Փախլավան բազմաշերտ աղանդեր է, որ պատրաստվում է թղթի բարակություն ունեցող խմորաշերտերից, որոնք պատում են յուղով և տեղավորում թավայի մեջ կամ ոլորում են գլանիկների տեսքով։ Աղացած կամ մանր կտրտած ընկույզը լցնում են խմորի շերտերի միջև, որոնք մինչ այդ թխում են և ներծծում շաքարավազի և կիտրոնի հյութի՝ համեմունքներով և վարդագույն ջրով օշարակը, կան մարզեր, որտեղ օշարակի փոխարեն հալված մեղր է օգտագործվում։ Իհարկե, այս բաղադրատոմսն ունի ամեն շրջանի բնորոշ իր բազում տարատեսակները։